ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի բնակարաններից մեկում հարձակում է գործել տան բնակչուհու վրա և դանակի գործադրման սպառնալիքով վերջինիցս հափշտակել «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոս և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը հանդիսանում է անհատ ձեռներեց և զբաղվում մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, բուժական մերսմամբ։ Դեպքի օրը տուժողին զանգահարել է մի հաճախորդ և պայմանավորվել՝ նրա ծառայությունից օգտվելու վերաբերյալ։ Քիչ անց հաճախորդը եկել է տուժողի բնակարան, զրուցել, պատմել է, որ նախկինում դատապարտվել է ավազակության համար և սուր առարկայի գործադրման սպառնալիքով կնոջից հափշտակել նրա «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը, 192 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:

Քննչական բաժնում տուժողի հայտնած տվյալներն ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել իր նկատմամբ ավազակային հարձակում գործած անձին:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: