Ադրբեջանի սահմանապահները կանխել են Կասպից ծովով երկիր թմրանյութեր տեղափոխելու հերթական փորձը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Սահմանապահները ջրի մակերեսին լողացող սարք են նկատել, ինչի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 1325 գ մարիխուանա, 560 գ հերոին, 80 գ բյուրեղանման զանգված:
Դեպքի առթիվ սկսել են իրականացվել քննչական և օպերատիվ գործողություններ:
Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է, այդ երկրում պաշտոնական վիճակագրության համաձայն' խրոնիկական թմրամոլների թիվը հասնում է 30 հազար 131-ի:
Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ, չնայած պաշտոնական վիճակագրության տվյալներին, երկրում թմրանյութ օգտագործողների թիվն ավելի մեծ է, հասնում է մոտ 300 հազարի:
Ադրբեջանցի որոշ փորձագետների պնդմամբ' հերոինը հիմնականում Աֆղանստանից տեղափոխվում է Իրան, Իրանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Եվրոպա: Այդ թմրանյութերը ԱՖղանստանից ձեռք են բերվում 3 մլրդ դոլարի չափով և փոխադրվելով Եվրոպա՝ դառնում են 32 մլրդ դոլար:
«Այս թիվը միջին երկրների պետական բյուջեից 4-5 անգամ մեծ է» ,-նշում են փորձագետները:Համօգտագործել
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն' Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդը՝ «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան: