Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանը նորածին թոռանը արտաքնոցը նետելու համար դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրից՝ նշելով, որ վերջինս դատապարտվել է փետրվարի 27-ին կայացրած վճռով:
Հրածին Փայտյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ինքը չի սպանել երեխային և ցուցմունքներում նշել է, որ նորածինը մահացած է ծնվել:
Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներով՝ երեխան եղել է կենդանածին, իգական սեռի, կենսունակ և գտնվել է զարգացման 36-38 շաբաթական շրջանում. «Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքն է, այն հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով», - ասված է փորձաքննության եզրակացության մեջ։
Հիշեցնենք՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բերդի բժշկական կենտրոնից փոխանցել էին, որ ծննդատուն բուժօգնության էր դիմել մի կին, որը հղիության 36-37 շաբաթականում ծննդաբերել էր տանը և երեխային իր հետ չէր տարել ԲԿ:
Սոնա Հարությունյան