«Ժամանակ» թերթը գրում է.
«Ալավերդու շուկայում տեղի ունեցած սպանության գործի շրջանակում կաշառք վերցնելու փաստով կալանավորված ՔԿ Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը դեռեւս ցուցմունք չի տվել։ Մեր տեղեկություններով՝ նա միայն առերեսվել է այս գործի շրջանակում կալանավորված Վահագն Աբգարյանի աջ ձեռք համարվող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանի հետ, ով կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությանը օժանդակելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ հենց Արկոն է Թաթուլ Շուշանյանին 5000 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկել:
Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթուլ Շուշանյանը առերեսման ժամանակ ամեն ինչ հերքել է, եւ առերեսում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ Արկոն էլ ոչ մի էական բան չի ասել։
Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ գաղտնալսումներից բացի, Վահագն Աբգարյանի դեմ առայժմ ցուցմունք է տվել միայն Արկոն։ Նրա ցուցմունք տալու հանգամանքը, սակայն, շատ տարօրինակ է ընկալվել, քանի որ նա, ինչպես նշեցինք, համարվում էր Վահագնի մտերիմ ընկերը, աջ ձեռքը եւ ոչ մի պարագայում իր ընկերոջ դեմ ցուցմունք չէր տա։
Ի դեպ, Վահագն Աբգարյանի շրջապատում, ինչպես նաեւ Ալավերդու ոստիկանությունում շրջանառվում է մի վարկած, որ հարցաքննության պահին «Արկոն դեղի տակ է եղել», եւ ուշագրավ է, որ դրանից հետո այլեւս ցուցմունք չի տվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում