Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Կվիրիկաշվիլիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վրաստանի իր գործընկերոջն օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի և վարչապետի հետ:
Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: