ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ գրավոր դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։
«Ինչպես գիտեք, «Ելք» խմբակցությունը փետրվարի 23-ին ԱԺ-ում լսումներ անցկացրեց Մարտի 1, 2 թեմայով: Ահա այդ լսումների արդյունքներով ես դիմել եմ Գլխավոր դատախազին: Գրության մեջ երկու խնդիր ենք բարձրացրել: Նախ, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումների ընթացքում պարզվեց, որ «Մարտի 1-2»-ի գործը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված էր՝ «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-2-ի իրադարձություններին»: Քրեական գործում այս փաստական նյութը չի ուսումնասիրվել և սա մեծ բացթողում է, որովհետև այդ նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետևանքային կապեր կարող են բացահայտվել:
Ես միջնորդել եմ Գլխավոր դատախազին, որ նա ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին,և այդ զեկույցի փաստերը օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվեն քրեական գործի շրջանակներում:
Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում, հետևյալն է՝ մինչև հիմա 10 տարի անց, նախաքննության մարմինը չի պարզել, թե 2008 թվականի մարտի 1, 2-ին երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից կամ որոշ ցուցարարներ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում զինվորների վրա, ապա նորից թաքնվում, այս հայտարարությունը ինչ փաստական նյութի վրա է հիմնված:
Այսօր ակնհայտ է, որը լսումների ժամանակ ընդունեցին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ այդ հայտարարությունը լրջագույնս ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա և դրա շուրջ կան տարատեսակ մեկնաբանություններ:
Ես միջնորդել եմ գլխավոր դատախազին, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կանչվի հարցաքննության և պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը, որը նա հրապարակել է Բաղրամյան 26-ում: Հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր Ռոբերտ Քոչարյանն այդ տվյալը վերցրել: Գուցե նրան ինչ-որ մեկը զեկուցել է, ով է զեկուցել և պետք է այդ անձին նույնպես հարցաքննել:
Ես հույս ունեմ և պահանջում եմ, որ գլխավոր դատախազությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանը տա: Կրկնում եմ՝ սրանից մեծապես կախված են մարտի 1, 2-ի սպանությունների բացահայտումը և ընդհանրապես այդ իրադարձությունների բացահայտումը և այն իրավիճակի բացահայտումը, որը Հայաստանը վերապրում է մինչև այսօր»: