Սահմանադրական փոփոխություններից հետո պարզ չէ, թե ում նկարն է կախվելու աշխատասենյակներում՝ նախագահի, թե՝ վարչապետի, թեեւ նշենք, որ օրենքը խորհրդարանական կառավարման պարագայում նման պահանջ չի դնում: Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում էլ այդպիսի պահանջ չկար, սակայն դպրոցներից սկսած մինչեւ պետական գերատեսչությունների աշխատասենյակներ, պատերին ՀՀ նախագահի պատկերը կախելու սովորություն կար: Հիմա մարդիկ տարակուսանքի մեջ են, թե ում նկարը պետք է կախեն պատերից՝ նոր վարչապետի՞, թե՞ նախագահի: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն որոշել է, որ իր սենյակում հավերժ Սերժ Սարգսյանի նկարն է կախված լինելու:
«Իմ սենյակում կկախվի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի նկարը: Իմիջայլոց ես, որ նկարը կախել եմ, կախել եմ Հանրապետական կուսակցության նախագահի նկարը, եթե նույնիսկ ենթադրենք, որ մի բան լինի, իմ մոտ էլի կկախվի նրա նկարը»:
ՀԺ-ի հարցին, թե սա կուսակցակա՞ն պահանջ է, Սահակյանն ասաց. «Սա կուսակցական պահանջ չէ, բայց կուսակցական գործունեության մեջ նա մեծ ազդեցություն ունի նախ մեզ համար, հետո՝ մյուս կուսակցությունների: Ես տարիներ շարունակ տեսել եմ, որ խորհրդարանում յուրաքանչյուրն իր սենյակում իր կուսակցության նախագահի նկարն է կախել»,- ասաց նա:
Հարցին՝ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վարչապետի լիազորույթունները ընդլայնվում են, այս պարագայում ու՞մ նկարը պետք է կախել աշխատասենյակներում, Գալուստ Գրիգորիչն ասաց.
«Երկրի ղեկավարը լինում է Ազգային ժողովը, նա է որոշում ով է լինելու վարչապետը, ինչպես է աշխատում: Մարդկանց մեջ չգիտես ինչու տարածված է, որ ղեկավարը լինելու է վարչապետը»:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին, թե՝ առաջին տիկինն ո՞վ է լինելու, Գրիգորիչն ասաց. «Դժվար հարցեր եք ինձ տալիս»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, թե նա միշտ հորդորել է, որ իրեն բարդ հարցեր տանք, նկատեց.
«Ես չեմ ասում բարդ հարցեր մի տվեք, ասում եմ դժվար հարցեր եք տալիս: Ես կարծում եմ, որ դա օրենքը պետք է որոշի: Օրինակ խորհրդարանական պետություններում առանձնահատուկ չէ առաջին տիկինը, բայց եթե կարողանան արտասահմանյան փորձը ուսումնասիրել դա էլ օրենքի խնդիր է»,- ասաց նա:
Հստակեցմանը, թե նա վարչապետի, թե նախագահի տիկնոջը կցանկանար տեսնել առաջին տիկնոջ «պաշտոնում», Գալուստ Սահակյանն ասաց.
«Ես կուզեի տեսնել իմ ազգի յուրաքանչյուր ընտանիքին, նրա տիկնոջը եւ զավակներին»:
Նյութի աղբյուր՝ armtimes.com