Կալիֆորնիայում Վետերանների տանը պատանդ վերցված երեք անձ մահացել է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նրանց պատանդ վերցրած անձը նույնպես մահացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղի ժամանակով 10:30-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Վետերանների տանը կրակոցներ են հնչել: Զինված տղամարդը պատանդ էր վերցրել երեք անձի: Դեպքի վայր էին ժամանել հատուկ նշանակության ջոկատայինները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ովքեր փորձել են սկսել բանակցություններ վարել հարձակվողների հետ, այդուհանդերձ, ոստիկանությունը տեղեկացրել է, որ չի հաջողվել նրանց հետ կոնտակտ հաստատել:

 

«Napa Valley Register»-ի տվյալներով՝ պատանդները կանայք են եղել: Նրանց մահվան տեղեկությունը հաստատել է Կալիֆորնիայի նահանգապետը:

Մամուլի տեղեկություններով, կասկածյալը եղել է էմոցիոնալ խնդիրներ ունեցող զինվորականների համար նախատեսված ծրագրի մասնակից: Երկու շաբաթ առաջ նրան հեռացրել են այդ ծրագրից: