Այսօր̀ մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: 

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու: 

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից:

Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: