Ոստիկանության Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր»-ի անդամներին սնունդ հասցրած, ապա կալանավայրում մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց Բերողի» մահվան տարելիցի կապակցությամբ, այսօր Ճարտարապետների միության շենքում սկսվել են նրա հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք «Արթուր Սարգսյանի հուշարձան» ֆեյսբուքյան էջից:
«Խնդրում ենք բոլորին, հուշարձանի հետ կապված ձեր կարծիքը թողնել մեկնաբանությունում։ Հուշարձանի նախագծի ցուցադրումը կշարունակվի մինչև մարտի 16-ը ներառյալ»,- ասվում է ֆեյսբուքյան էջում:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշեց, որ տարբեր տարածքներ ուսումնասիրելով՝ ի վերջո հասկացել են, թե Երևանի որ տարածքն է համապատասխանում քաղաքացիական հանրությանը և որ հենց այդտեղ պետք է կանգնեցվի նրա հուշարձանը:
«Մաշտոցի պուրակում գտանք մի հատված, որտեղ ծառ չի կտրվելու, ընդամենը երկու տարեկան բալենու ծառն է, որը զգուշությամբ պիտի հանենք և տեղափոխենք: Մնացածն ամբողջությամբ մարգ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 2-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ մտավորականներ հանդես էին եկել Արթուր Սարգսյանի արձանը կանգնեցնելու առաջարկով՝ ներկայացնելով արձանի նախագիծը:
Ստորև ներկայացնում ենք Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի նկարները: