Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:

Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:

«Մարտի 19-ին նախատեսված հանդիպումը Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով կարող է հետաձգվել: Չնայած, որ Թիլերսոնը պաշտոնից հեռացավ թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային փուլում, սակայն մենք ցանկանում ենք նոր արտգործնախարար Մայք Պոմպեոի հետ աշխատել նույնպիսի փոխըմբռնմամբ»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը մարտի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
 
«Եթե անգամ մենք չկարողանաք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է և վճռականորեն իրագործելու է այն»,-նշել է Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
 
Բոզդաղը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից հետո պարզ կլինեն բանակցությունների վերջնական արդյունքները: