Երեւանի ավագանին մերժեց «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման առաջարկը: Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աննա Ասատրյանն ասաց, որ  առաջարկված նախագիծը մերժելի է եւ ժամանակավրեպ: «Սա ոչ թե Ազգային ժողովն է, այլ ավագանին եւ քաղաքական հարցերն այստեղ տեղ չունեն, իսկ ինչ վերաբերվում է մարտի մեկի զոհերին, ապա այդ ցավը բոլորինս է»,-հավելեց նա:

Օրակարգում ընդգրկված այս հարցի քվեարկությանը եւս չմասնակցեց «Ելք» խմբակցությունը: Ձայների մեծամասնությամբ օրակարգում ընդգրկված այս հարցը եւս մերժվեց:

 

Երևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկվում էր իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով: Հուշարձանի կառուցման համար նախատեսվում էր անցկացնել բաց մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով: