Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 ու կես տարվա ազատազրկման:
Մյուս մեղադրյալներից՝ Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Այսօր' մարտի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը:
Հիշեցնենք' մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11, Գևորգ Սաֆարյանին' 4. 6, Ներսես Պողոսյանին' 4, Հրայր Թոփչյանին' 3, Սասունիկ Կիրակոսյանին' 4.6, Հովհաննես Պետրոսյանին' 2, Գալուստ Գրիգորյանին' 3 տարի տարվա ազատազրկման:
Ժիրայր Սեֆիլյանի համար, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշվել էր խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալն ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ունեցած ակտիվ մասնակցությունը:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: