Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լարված իրավիճակ էր ստեղծվել: Գործով անցնող յուրաքանչյուր անձի դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալների բազմաթիվ աջակիցներ բղավում էին «ամո՛թ, ամո՛թ»: 

Ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը նույնիսկ վատացավ: Նշենք, որ մեծ թվով մարդիկ հավաքվել են դատարանի դիմաց՝ բողոքելով վճռի դեմ, իսկ ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի տարածքում:

 

«Վերաքննիչ դատարան մենք գնալու ենք զուտ ձևական ընթացակարգը պահելու համար: Այսօր Հայաստանում չունենք դատարան, չկա անկախ համակարգ»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:  

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ դատավարությունը խայտառակություն որակեց. «Սա պատվերով դատավրություն էր, որի հենց սկզբից ամեն բան արհեստական ստեղծված, ապացույցները կեղծված էր: Այն պայմաններում, երբ որևէ ապացույց չկա բոլոր երեք մեղադրանքներով մեղավոր ճանաչեցին: Իշխանությունը հասկացրեց՝ մեր դեմ խաղ չկա»:

Նշենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 ու կես տարվա ազատազրկման: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գևորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Տեսանյութերը՝ news.am-ի և 1in.am-ի: