Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի են ունեցան մի շարք միջոցառումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը:
Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվել է Dis moi dix mots դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ:
Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված են եղել Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր: Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները: