Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի շուրջ կրքեր բորբոքեց տնօրեն Լուսինե Մելիքյանի՝ մարտի 20-ի հրամանը, որով աշխատանքից ազատվեց դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանը:
Խոջումյանն իր ազատումը որակեց ապօրինություն և նշեց, որ դպրոցում կատարվում է նաև այլ ապօրինություն, որն ըստ մեզ, շատ ավելի լուրջ է, քան փոխտնօրենի աշխատել-չաշխատելու հարցը։
Ըստ աշխատանքից ազատված փոխտնօրենի՝ դպրոցի տնօրենն առողջ երեխաներին ներգրավում է ներառական դասարաններում, որպեսզի պետությունից դպրոցին հատկացվող գումարը կրկնապատիկ ավելանա։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ Բյուրակնի դպրոցի տնօրենը հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնել՝ նշելով, որ կարձագանքի միայն մեր պաշտոնական գրավոր հարցմանը։
Նշենք, որ մեր գրավոր հարցերին պատասխանելիս տնօրենն ընտրել է իր համար անվտանգ տարբերակը, ինչը, թերևս կդժվարանար անել բանավոր խոսքի պարագայում, և ցիտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը։
Մասնավորապես՝ ո՞ւմ կողմից տրված փաստաթղթղերն եք հիմք ընդունել աշակերտներին ներառական դասարաններում ներառելու համար հարցին՝ տնօրենն այսկերպ է պատասխանել.«Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով»։
Եվ սա այն դեպքում, երբ և՛ Խեչումյանը, և՛ ծնողները նշում են, որ ներառական դասարաններում ներառված են առողջ՝ հատուկ կարիքներ չունեցող երեխաներ։
Դպրոցի տնօրենից հետարքրվեցինք նաև, թե 72 աշակերտ ունեցող դպրոցում քանի՞ աշակերտ է ընդգրկված ներառական կրթության համակարգում և որքա՞ն ֆինանսավորում է ստանում նրանց համար դպրոցը պետությունից․ «Ներառական կրթություն, Բյուրակնի դպրոցում, ստանում է 42 աշակերտ, իսկ նման որոշում կայացվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես վերը նշվեց: Ներառական կրթության ֆինանսավորման հաշվարկները կատարվում են ՀՀ կառավարության՝ 2005 թվականի 1365 որոշման համաձայն: Մեկ երեխայի տարեկան միջին հաշվարկն այս տարի կազմել է շուրջ 500 հազար դրամ, որի մեջ հաշվարկվում է ինչպես ուսուցիչների և ուսումնա-օժանդակ, սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այնպես էլ սննդի, տրանսպորտի, լույսի, ջրի, այլ կոմունալ ծախսերի գումարը»:
Թե ինչպես է ստացվել, որ 72 աշակերտ ունեցող երեխայից 42-ն ունի առողջության հետ կապված խնդիրներ, Բյուրակնի դպրոցը հատո՞ւկ դպրոց է, թե՞ ոչ, մեզ տնօրենից պարզել այդպես էլ չհաջողվեց, սակայն հաջողվեց պարզել ծնողների դժգոհությունը, որ տնօրենը պարզապես համոզել է երեխաներին ընդգրկել ներառական դասարանում և որ իրենց երեխաներն առողջական խնդիրներ չունեն։
Բյուրակնի դպրոցում կատարվող իրադարձությունները համադրելիս պարզ է դառնում մեկ ակնհայտ փաստ՝ Կրթության և Գիտության նախարարությունն այստեղ լուրջ ուսումնասիրություն պետք է կատարի, թեեւ առանց ուսումնասիրության էլ ակնհայտ է՝ առողջ երեխաների հաշվին փող են աշխատում՝ մոռանալով առողջին ոչ առողջ ներկայացնելու և ծնողին հասցրած հոգեբանական վնասի ծանրության մասին։
Աղավնի Սուքիասյան