Բացահայտվել է մարտի 26-ին Երևանի Չարենցի փողոցում հնչած կրակոցների դեպքը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից փոխանցեցին, որ դեպքով ձերբակալված կա:

«Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանցից մեկը ձերբակալված է»,- ասացին ոստիկանությունից:

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ.Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել ուղևորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից կրակոց է արձակել: Այնուհետև վերջինները նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի:

Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է ատրճանակի փամփուշտի պարկուճ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա իր մոտ եղած հրազենից կրակոցն արձակել է 1993 թ. ծնված Մ.Ս.-ն, որը մարտի 27-ին հայտնաբերվել է Երեւանի Գրիբոյեդովի փողոցում գտնվող հյուրանոցի շոգեբաղնիքում եւ բերման ենթարկվել բաժին:

Մ.Ս.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ բերման ենթարկվածներն ախալքալաքցիներ են: