Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում: Ստուգումներն ավարտվել են «Դալմա Մոլ»-ում, «Ռիո Մոլ»-ում, ինչպես նաև «Երևան Մոլ»-ում:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող առաջին երկու ժամանցային կենտրոններում թերություններ չեն եղել, սակայն տեսչությունը պահանջել է, որ որոշ շտկումներ իրականացնեն: Թե ինչ շտկումների մասին է խոսքը՝ հանրությանը չեն տեղեկացրել, սակայն ինչպես երևում է՝ անելիք՝ ամեն դեպքում, կար: Ավելի լուրջ թերություններ են հայտնաբերվել «Երևան Մոլ»-ում, պարզվում է՝ այստեղի խաղահրապարակից դեպի դուրս ելք չկա: Թերությունները վերաբերել են կրակմարիչների թվին, դրանց ժամկետանց լինելուն, տարհանման ելքերի նշումների բացակայությանը կամ թերի լինելուն, պլանի բացակայությանը, վթարային լուսավորության բացակայությանը, հրշեջ ծորակների պակասին և այլնին: Այսինքն, եթե չլիներ տեսչական ստուգումը, այս բացերը դժվար էլ երբևէ վեր հանվեին, էլ ուր մնաց՝ վերացվեին: ՀՀ ԱԻՆ-ը հաղորդել է, որ 2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտում։ Ինչպես են իրականացվել այդ ստուգումները՝ դժվար չէ պատկերացնել, եթե միայն այսօր է պարզվում, որ մեր մոլում անվտանգության տարրական պայմաններ անգամ ապահովված չեն: 2015 թվականից սկսած՝ կառավարությունը նվազագույնի էր հասցրել տեսչական ստուգումները՝ նպատակ հետապնդելով չխանգարել բիզնեսին: Այս տարի այդ որոշումը վերանայվեց. երևի թե հասկացան՝ բիզնեսին մուշտարի աչքով նայելը կարող է թանկ նստել հասարակության և պետության վրա:
Գաղտնիք չէ, թե ովքեր են մեր մոլերի, ժամանցային մեծ ու փոքր կենտրոնների, սնկի պես աճող բիզնես-կենտրոնների տերերը: Բայց գաղտնիք է այն, թե այս ընթացքում քանի օլիգարխ է տարին մեկ այցելող տեսուչին ճանապարհել հետ, մի քանի կոպեկով համոզելով ֆիքսել, որ թղթով իր մոտ ամեն ինչ կարգին է: Այսքանից հետո ԱԻՆ-ը պարտավոր է հրապարակել այն բոլոր օբյեկտների ցանկը, որտեղ խախտումներ են հայտնաբերվել՝ որքան էլ որ դա կարող է լուրջ հարված հասցնել մեր մոլասեր մեծահարուստների գրպաններին: Կասկած անգամ չկա, որ իրենց բիզնես շահերը հետապնդելով, վերջիններս իրենց չեն «կոտորել» կառուցապատման չափանիշները պահպանելու հարցում: Առավել ևս՝ չեն մտածել մեր և մեր երախաների անվտանգության մասին: Որևէ երաշխիք չկա, որ հերթական, շարքային այցը սրճարան, ժամանցի վայր, մանկական խաղահրապարակ կամ բիզնես-կենտրոն՝ չի դառնա ճակատագրական: Եվ խոսքը միայն նորակառույցների մասին չէ, շատ ավելի լուրջ ուշադրության արժանի են իրենց դարը վաղուց ապրած շինությունները, որոնք ամենազանազան կերպով «տյունինգի» են ենթարկվում, իսկ այն, որ դա կարող է մարդկային կյանքի արժեք ունենալ՝ որևէ մեկին չի հետաքրքրում: Գուցե Կեմերովոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը սթափեցնի պատկան մարմիններին և անկուշտ օլիգարխներին, որպեզի վերջիններս սկսեն պատասխանատվություն կրել ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրականում...
Ստելլա Խաչատրյան