Դեսպան Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետը մասնակցել են Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշել է, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին: