Արդեն 18 օր է, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում ստեղծվել է մինի Վենետիկ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիչինայի փողոցի մի քանի տների, մասնավորապես՝ թիվ 95, 93, 97, 97/1 սեփական տների բնակիչները ահուդողով են առավոտը լուսացնում, քանի որ տան նկուղները, անգամ՝ սենյակները, ողողված են ջրով:

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «18 օր է, «Վեոլա-Ջուր» ընկերության ներկայացուցիչները «ռսի զավտրա» են անում: Ամեն օր ասում են, որ խնդիրը կլուծվի, ջրագծերը կփոխեն, և ջուր այլևս չի լցվի տներ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում այսպիսի փնթի ձևով աշխատեն: Տների մեծ մասն արդեն ամբողջովին դարձել է վթարային, քանի որ ջուրը վնասել է տների հիմքերը»: Իրավիճակի մասին տեղեկանալով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարությամբ ժամանել է թաղապետարանի կոմունալ ծառայության պետ Գարիկ Գրիգորյանը, ով էլ իրավիճակի մասին տեղեկացրեց «Վեոլա-Ջուր» ընկերության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի պատասխանատուն ոչ թե թաղապետարանն է, ոչ թե բնակիչն է, այլ «Վեոլա-Ջուր» ընկերությունը, որը 18 օր է, բնակիչներին որպես «ատամհատիկի նվեր», Վենետիկի մակետն է նվիրել: Բնակիչները հույս էլ չունեն, թե արդյոք խնդիրը երբևիցե կլուծվի: Քիչ առաջ ժամանեց նաև «Վեոլա-Ջուր» ընկերության ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը, ով բնակիչների հարցերին անգիր արած շուտասելուկի նման միայն ասում էր՝ գիտեմ, գիտեմ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Վեոլա-Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ հայտնեց, որ 1-2 օրվա ընթացքում խնդիրը կլուծվի, պարզապես գաղտնի վթարը երեկ են հայտնաբերել: 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: