Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել: Այս մասին նշեց Մելիքյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Մենք ունեցել ենք բավական երկար խոսակցություն, մի քանի կցկտուր խոսքերը մեծ մասով սխալ են, երևի միակ հատվածը, որ մոտ էր իրականությանը` հայաստանցի-ղարաբաղցի հատվածն էր: Խոսքը վերաբերում է մեր հեռախոսազրույցին: Ես հատուկ վերցրել եմ մեր հեռախոսազրույցի տևողությունը, այն տևել է 58 րոպե: Ես մանրամասն փորձել եմ բացատրել իր իրավունքների պաշտպանության եղանակները: Խրախուսել եմ մեզ դիմում ներկայացնել, փաստերը շարադրել, որ կարողանայինք անել այն, ինչ արդեն արել ենք»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

 

Ինչ վերաբերում է ներքին կարգով հարցը բարձրացնելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձեռքի տակ որևէ փաստ չունենալու դեպքում ինքն առավելագույնը դա կարող էր անել: «Զանգել ջղայնանալ» բառերը գուցե ասել եմ, հավանաբար «բարկանալ» բառն եմ օգտագործել: Եթե որպես ՄԻՊ իմանամ որևէ խախտում է եղել, ես նրանց հետ կունենամ խոսակցություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: ՄԻՊ-ը մեծ ծավալով շփումներ է ունենում բոլորի հետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, այդ թվում` ոստիկանության հետ: Որոշակի գործողություններին բացասական վերաբերմունք արտահայտելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ «ղարաբաղցի-հայաստանցի» խոսակցությունները սրված են: «Չեմ կարծում, որ ֆոնը սրված է: Իհարկե, դա վատ բան է, այն աստիճան վատ բան է, որ ես դրանից շատ ավելի եմ վիրավորվում, քան իմ հասցեին հնչած խոսքերից: Մենք պետք է հնարավորինս շատ շփումներ ապահովենք, շատ աշխատենք այդ կարծրատիպերի վերացման հարցում: Գրեթե երկու տարի աշխատելով Արցախում, կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ են գալիս ՀՀ մարզերից, Երևանից, սփյուռքից, ես տեսնում եմ երկուստեք բարյացակամ վերաբերմունք: Նմանատիպ կարծրատիպերը, նախապաշարմունքները վերացնելու լավագույն ձևը շփումներն են, այդ հարցում էլ մենք փորձում ենք կամրջի դերում լինել»,-հայտարարեց ԼՂՀ օմբուդսմանը:

Լրագրողի այն հարցին`արդյոք պետք է խիստ նկատողություն հայտարարե՞լ, թե գործից հեռացնել Արցախի ոստիկաններին, եթե պարզվի նրանց մեղքը` Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծառայողական քննությունը ցույց կտա`արդյոք Արցախի ոստիկանները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել, թե ոչ, և հավելեց. «Եթե այն, ինչ ներկայացնում է Ասյա Խաչատրյանը, ամբողջությամբ հաստատվի, ձեր ներկայացրածից առավել խիստ տարբերակը պետք է կիրառվել»: Արցախի ՄԻՊ-ի խոսքով` անկախ արդյունքներից, իրենց հաջորդ քայլերից է լինելու ոստիկանների հետ աշխատանքն ու ընդհանրական առաջարկների ներկայացումը: