Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը պաշտոնից հեռացվելուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեցին իրենց պարզաբանումները:
«Ես այնքանով եմ մեղավոր, որ Սոնան իմ աշակերտն է». Արման Ղազարյան (Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ)
«Ես տեղյակ չեմ, ես Սոնային հարցնում եմ, ինքն ասում է, որ նման բան չի արել: Ես այնքանով եմ մեղավոր, որ Սոնան իմ աշակերտն է: Ինչ ասեմ, կախեք ինձ, վերջացնենք: Այսքան մեդալներ եմ նվաճել իմ սաների միջոցով, մի՞թե իմ ձեռքով կավերեի»:
«Սոնան պետք է պատասխանի, թե ինչու, որտեղ և ինչի համար է ընդունել այն». Արտաշես Ներսիսյան (Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ)
«Ամենաքիչը ես գիտեմ, թե ինչ է կատարվում: Շատ վատ բան է կատարվել, որի պատասխանն ես չեմ էլ կարող տալ: Եթե լաբորատորիան ասում է, որ Սոնան ընդունել է այդ դոպինգը, ապա ես ինչպես կարող եմ ասել` ոչ: Եթե ընդունենք այնպես, որ Սոնան, այնուամենայնիվ, օգտագործել է այդ դոպինգը, ապա հիմա ինքը պետք է պատասխանի, թե ինչու, որտեղ և ինչի համար է ընդունել այն: Միայն Սոնան գիտի, ինքն ընդունե՞լ է այդ խթանիչ միջոցը, թե ոչ: Չէի ցանկանա, որ 15 տարվա աշխատանքով ձեռք բերված անունս ջուրը գնար այսպիսի անփառունակ ձևով: Իմ ստեղծագործությունն է եղել կանանց ծանրամարտի թիմը: Մոտ 200 մեդալ ենք նվաճել թիմով: Ափսոս է հավաքականը, որը տարիների աշխատանքի արդյունք է»:
Հիշեցնենք` հայտնի էր դարձել, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից: