Սահմանամերձ համայնքներին տրվող հարկային արտոնությունից օգտվելով՝ այս տարի Տավուշի մարզի Բաղանիս գյուղում կգործի երկու նոր արտադրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«2015-2016 թթ. դրական առումով ընդգծված վերաբերմունք կա սահմանամերձ համայնքների նկատմամբ: Տրվել են հարկային արտոնություններ, որոնք մինչ այժմ էլ շարունակվում են: Ոռոգման ջրի, գազի, լույսի վարձը զեղչվում են 50 տոկոսով: 2018-ին հարկային արտոնություններից օգտվելով՝ երկու բիզնես նախագիծ է նախատեսված Բաղանիսում: Մեկը կլինի սնկի արտադրություն, մյուսը՝ տնական օղիների թորում և վաճառք»,-ասաց գյուղապետը:
Սահակյանի համոզմամբ՝ օղիների թորմամբ և վաճառքով զբաղվող այդ կազմակերպությունը կապող օղակ է հանդիսանալու արտադրող գյուղացու և զբոսաշրջիկների միջև: Նախատեսվում է Բաղանիսում կառուցել նաև սնկի ջերմոցային տնտեսություն: Դրա շնորհիվ զբաղվածություն կստանա մոտ 40 մարդ: Գյուղապետը հույս հայտնեց, որ մինչ 2018-ի ավարտը ծրագիրը կգործի և մեծ մասը կհասցվի ավարտին:
Բաղանիսի մանկապարտեզն այս պահին գործում է գյուղապետարանի առաջին հարկում: Սակայն արդեն մայիսից կսկսի նոր մանկապարտեզի շենքի կառուցումը: Այն ֆինանսավորել է «Կարմիր Խաչ»-ը և «Փարոս» հիմնադրամը: Ներկայում մանկապարտեզ է հաճախում 18 երեխա: Մյուս տարի կլինեն 23-ը:
Խոսելով համայնքների խոշորացման ազդեցության մասին՝ գյուղապետ նշեց՝ համայնքների խոշորացումը գյուղի վրա չի անդրադարձել որևէ կերպ: «Խոշորացման գաղափարն այն է, որ ավելի քիչ զարգացած գյուղերին կարողանան օգնել: Սակայն բոլորին նույն արշինով չափել և մտցնել նույն քաղաքի կազմի մեջ, սխալ է: Ես դեմ եմ դրան: Եթե միտքն այն է, որ գյուղացուն օգնեն, ապա թող կազմակերպվի սոց հարցում՝ պարզելու, թե գյուղացիները խոշորացման արդյունքում ինչ արդյունք են զգացել»,-եզրափակեց Սահակյանը:
Բաղանիսը համայնքների խոշորացման արդյունքում 2017-ի սեպտեմբերին միացել է Նոյեմբերյանին: