Կառավարությունը հավանություն տվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը:

«Օրինագծերով, մասնավորապես, ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները: Նախատեսվել է նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը, լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարարը: