Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
«Նախ պետք է ասեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է չորս հիմնական ուղղությունների վրա՝ լինել պրոակտիվ, ներգրավված, հաստատուն և ապահովել ամուր ներկայություն այնտեղ, որտեղ պահանջում են մեր շահերը: Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը: Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս և գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին ու 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ»,- նշել է ՀՀ Նախագահը: Նա ցավով է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր նախագահության օրոք նախաձեռնել էր հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում նոր գլուխ բացել: Այդ նախաձեռնության արդյունքում էր, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք նպատակ ունեին բացել սահմանն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: «Ցավոք Թուրքիայի ղեկավարությունը հետ կանգնեց փաստաթղթերի ստորագրման ոգուց և բարիդրացիական հարաբերություններից՝ առաջ քաշելով որևէ կապ չունեցող նախապայմաններ արձանագրությունների վավերացման և կյանքի կոչման համար: Այս դիրքորոշման պատճառով էր, որ 2017 թվականի սեպտեմբերին ստիպված էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել, իսկ վերջերս կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ վերահաստատել այն, որ նմանօրինակ ոչ բարեկամական պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան այդ փաստաթղթերը պատմության արխիվին հանձնելը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարության հասունացման պարագայում հայկական կողմը պատրաստ է ապագայում հետամուտ լինել այլ հնարավորությունների:
«Ներկա անկայուն միջազգային իրադրության պայմաններում մենք հավատարիմ մնացինք մեր վաղեմի և սկզբունքային դիրքորոշմանը՝ ձգտելով օգուտ բերել մեր գործընկերների համընդհանուր շահերին ու հետաքրքրություններին: Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ: Դա անպատասխանատու կլինի: Այս առումով պետք է ասեմ, որ մեր հասարակության մեջ կա ընդհանուր կոնսենսուս մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այդ համբերատար և սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Ուրախ ենք տեսնելու, որ մեր գործընկերները համագործակցում են, ինչից շահում ենք բոլորս: Մենք մեր պատմության ընթացքում արդեն բավական հակասությունների ու պատերազմների ականատես եղել են»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: