Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն չի «քցել» Կարեն Կարապետյանին՝ հրավիրելով իրենց կաշին փրկելու. «Մենք այս փուլում որոշեցինք գործադիրի ղեկավարումը հանձնել Սերժ Սարգսյանին: Վաղը կլինի ՀՀԿ ԳՄ նիստ, մենք այդ հարցը կքննարկենք: Իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին «քցելուն», ապա խնդրում եմ՝ մի՛ մտեք մատի ու մատանու արանքը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Կարեն Կարապետյանին և Հանրապետականին տարանջատելը սխալ է:
Շարմազանովից հետաքրքրվեցինք՝արդո՞ք ՀՀԿ-ն քաղաքացուն տալիս է վստահություն, որ Կարեն Կարապետյանը չի թողնի և նեղացած հեռանա՝ փոշիացնելով իր միջոցով Հանրապետականի վաստակած քվեները, Շարմազանովը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առանցքային դերակատարներից մեկն է և նա ունի անելիք կառավարման համակարգում»:
Դիտարկմանը, որ հենց Կարապետյանի շնորհիվ Հանրապետականին հաջողվեց ընտրությունների նման արդյունք ձևավորել, Շարմազանովը չհամաձայնեց՝ պնդելով, որ մինչ Կարապետյանի ի հայտ գալն էլ Հանրապետականն արդեն ունեցել է վստահության մեծ քվե՝ լինելով մեծամասնություն:
Հարցին՝ արդո՞ք ՀՀԿ-ն Կարապետյանի համար նախատեսել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց. «Բոլորիս էլ արդեն հայտնի է, բայց ես էթիկայից ելնելով՝ այս պահին դրա մասին չէի բարձրաձայնի»: