ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 11-ին ընդունեց «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) ստեղծման ոլորտում մասնագիտացած «ETIX EVERYWHERE» ընկերությունների խմբի պատվիրակությանը՝ միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Մուհամեդ Եղթեդարի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,«ETIX EVERYWHERE»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց գործունեության շրջանակները։ Նշվեց, որ ծրագրեր են իրականացնում տարբեր մայրցամաքներում՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներում։
Մուհամեդ Եղթեդարն ասաց, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով, և այստեղ տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» կառուցելու ցանկություն ունեն։
Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նախաձեռնության իրականացմանը։ Նա ընդգծեց մասնագիտական «Տվյալների մշակման կենտրոններ» ունենալու կարևորությունը և իր դրական դիրքորոշումը դրանց ստեղծման և զարգացման վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրեց ՏՏ ոլորտի հայ մասնագետների կարողություններն ու ներուժը և հույս հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կարող է մտածել նաև հայաստանյան ՏՏ շուկայի ուսումնասիրության և գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «ETIX EVERYWHERE»-ի հետ համագործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ առավել հանգամանալից քննարկել ներկայացված ծրագրի իրականացման մանրամասները և հնարավորությունները։