Գառնու հեթանոսական տաճարի շուրջ խոսակցությունները չեն դադարում. եթե որոշ ժամանակ առաջ մամուլը գրեց սկանդալային լուրի մասին, ըստ որի, Գառնու հեթնոսական տաճարի տարածքում պատրաստվում են սրճարան կառուցել, ինչը չհերքեց Մշակույթի նախարարությունը, հիմա էլ խոսվում է Գառնու տաճարի չպեղված հատվածում հյուրանոց կառուցելու մասին:
«Ամեն ինչ բիզնես ենք դարձնում: Այդ տաճարը հարյուր հազարավոր մարդկանց համար մշակութային տաճար է, եթե այդքան շատ եք մտածում բիզնեսի մասին, ինչո՞ւ հյուրանոցային համալիր չի կառուցվում ասենք՝ Էջմիածնի Մայր տաճարի հարևանությամբ: Ամեն ինչ աղճատել բիզնես ծրագրերով, ամեն ինչ տեսնել կանաչի՝ դոլարի պրիզմայով, սա է քաղաքականությունը, ինչը մեզ մեր հետագա սերունդները թույլ չեն տա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հեթանոս, զբոսաշրջության մասնագետ Վահե Լոռենցը:
Վերջինս նշեց, որ մտահոգված է Գառնու տաճարի ճակատագրով. այնտեղ պարզապես բարձիթողի վիճակ է և ասվածի ապացույցն այն է, որ ապականել են Արշակունիների դրոշի պատկերը. «Իբրև Արշակունիների զինանշան, օրինակ, կերտել են մի զինանշան, որի վրա երկու բրոյլեր թխսկան հավ է պատկերված արծիվների փոխարեն, իսկ համապատասխան կառույցում անգամ պատմաբանի հաստիք ունեցող մեկը չկար, ով պատասխան կտար այդ այլանդակության համար»,-ասաց Լոռենցը՝ պնդելով, որ Գառնու հեթանոսական տաճարի բաղնիքի հատվածում տեղադրված այլանդակությունը պետք է վերացնել:
ԼՈւՐԵՐ.com-ը Լորենցից փորձեց պարզել՝ ինչով է պայմնավորված հանգամանքը, որ վերջին շրջանում Գառնու տաճարն է հայտնվում թիրախում, Վահե Լորենցը պատասխանեց. «Չեմ ուզում դավադրություն տեսնել, բայց այստեղ հստակ է մի բան՝ հեթանոսությունը օտար են որակում անգամ որոշ պաշտոնյաներ. եկեք հիշենք՝ ինչպես հեթանոսական տաճարում վերջրրս քրիստոնեկական միջոցառում էր կազմակերպվել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում ապրող հազարավոր այորդիներ պատրաստ են պայքարի՝ թույլ չտալու համար Գառնու տարածքը պղծելու կամ հյուրանոց ու սրճարան կառուցելու որևէ քայլ:
«Հայաստանում ապրող 30-40 հազար հեթանոսները պատրաստ են դուրս գալ պայքարի»,-ասաց նա:
Խոսելով պայքարի տարբերակների մասին՝ լորենցը նկատեց, որ դիմելու են ամենատարբեր ակցիաների՝ հնարավոր և անհնար բոլոր տարբերակներով:
Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com-ն արդեն գրել է, որ Յուրիկ Ալոյան անվամբ ռուսաստանցի մի գործարար այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է իշխանությունների հետ և ելքեր է փնտրում Գառնու տարածքում 99 տարով բիզնես ծրագրեր իրականացնելու, հյուրանոց կառուցելու համար:
Աղավնի Սուքիասյան