Հայաստանում գնալով հետաքրքրությունը մեծանում է բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների նկատմամբ: Այստեղ ևս մարդիկ սկսում են գործարքներ իրականացնել նաև օնլայն արժույթով։ Խոսելով բիթքոին համակարգի մասին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում համակարգերի անվտանգությամբ զբաղվող Անդրանիկ Վարդանյանընշեց, որ շատ վաղուց քննարկվում էր ստեղծել ֆինանսական համակարգ, որն անկախ կլինի բանկերից:
«Այն ներկայացվեց որպես թվային արժույթ, որը ծնվում է բարդ մաթեմատիկական հաշվարկների արդյունքում: Կա մաթեմատիկական բարդ խնդիր, որը լուծելու համար անհրաժեշտ են բազմաթիվ համակարգիչներ: Ստեղծված բիթքոինները կարելի նաև օգտագործել, դրանցով կարելի է փոխանցումներ կատարել և փոխանակել այլ արժույթների հետ:
Բիթքոինն աշխատում է բլոկչեին հանակարգով, սակայն այն իր մեջ փորձում է մաթեմատիկական գործողություններ անել, համարներ, կոդեր գտնել: Ում համակարգիչը որ գտնում է այդ համարները, մայները դրա դիմաց իր դրամապանակին ստանում է բիթքոին՝ նվեր, միավոր: Էլեկտրոնային գումարը հնարավոր է նաև ֆիզիկական գումարի վերածել: Հայաստանում մի կենտրոն կա, որտեղ բիթքոինը հնարավոր է վերածել դոլարի կամ դրամի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ բլոկչեին համակարգի առավելությունն այն է, որ տվյալները երբեք չեն ջնջվում:
«Կենտրոնական համակարգերը ձեռնտու չեն, իսկ բիթքոինը փրկություն է, քանի որ պետք չէ մտածել բանկի, օրենքի մասին: Այն կոնկրետ ինչ-որ անձի կողմից չի վերահսկվում, բայց վերահսկվում է այն տեսանկյունից, որ բոլորը կարող են պարզ տեսնել և ճշտել տվյալները: Այսինքն՝ տեխնիկապես է վերահսկվում, օրինակ՝ եթե մեկը մյուսին փոխանցում է կատարում այսինչ հասցեից մյուսին, բլոկչեին համակարգում գտնվող մարդիկ կարող են տեսնել և ճշտել՝ գործողությունը ճիշտ է, թե սխալ»,- նշեց նա:
Անդրադառնալով նոր տեխնոլոգիաների, մայնինգի ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին, Վարդանյանը մատնանշեց հատկապես «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող 2 մլրդ դոլարը, որը ներդրվում է ոլորտը զարգացնելու համար.
«Կարծում եմ՝ Հայաստանից ներդրումներ այս ոլորտում պետք է կատարվեն: Սա նշանակում է, որ վերնախավը ևս հետաքրքրվում է նոր տեխնոլոգիայով: Եվ, փաստորեն, «Մուլտի գրուպ»-ն առաջինն է, որը նման հսկայածավալ ներդրում է կատարում ոլորտի զարգացման համար: Այս համակարգում լուրջ խնդիր է հոսանքի սակագնի հարցը՝ մայնինգը: Եթե ներդնողը լուծի այս հարցը, շատ լավ կլինի: Ներդրումը կլուծի նաև ոլորտի շատ մասնագետների աշխատանքի խնդիրը: Այս խնդիրները լուծելով՝ կարծում եմ՝ առաջ կգնանք»,- ասաց ոլորտի մասնագետը: