Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների պլանը, որը մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 8:15-ից: Ըստ այդ պլանի՝ քաղաքացիներին առաջարկվում է խցանումներ առաջացնել փողոցներում, գործադուլ եւ դասադուլ անել, ոտքով շարժվել Բաղրամյան փողոց եւ պաշարել Ազգային ժողովի շենքը, որտեղ ապրիլի 17-ին պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության քվեարկությունը: Շարժման նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է:
 
Գործողություններն արդեն իսկ մեկնարկել են. Երևանի կենտրոնական փողոցները կաթվածահար են, շարժմանը միացող քաղաքացիների թիվը ժամ առ ժամ կարծես թե ավելանում է, ինչը թերևս ընտրված ճիշտ մարտավարության արդյունքն է: Սրանում է կայանում այս և նախորդ տարիներին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների որակական տարբերությունը: Այն հանրահավաքային մաս, ըստ էության, չի ունեցել, եւ որդեգրվել է անմիջապես գործողությունների անցնելու սկզբունքը: Բացի այդ, վերջին երկու տասնամյակում թերեւս առաջին անգամ շարժման ղեկավարները հրապարակել են գործողությունների կոնկրետ ծրագիր եւ կոնկրետ նպատակ: Սերժ Սարգսյանի համակարգը հետադիմական և ռեգրեսիվ է, սակայն խարսխված է կորպորատիվ շահերի վրա և չի կարող ընկրկել պրիմիտիվ, մեխանիկական քայլերի հետևանքով՝ եթե դիմացը կանգնած է ոչ թե ինստիտուցիոնալ կառույց, այլ` քվազի ընդդիմություն, որը տակավին չի ձևակերպել իր երկարաժամկետ օրակարգը: Այս անգամ, սակայն, իշխանության համար ռիսկերն ավելին են և անչափ իրատեսական, և դա քաջ գիտակցում է Երևանից կամաց-կամաց արտագաղթող ՀՀԿ-ն:
 
Փաշինյանի միակ խնդիրն այս պահին ոչ թե հանրության, այլ ընդդիմադիր մյուս միավորների անտարբերությունն է: Խոսքը, մասնավորապես, ԵԼՔ դաշինքի մաս կազմող քաղաքական երկու ուժերի մասին է, որոնք կարծես թե ընդհատակ են անցել: Փաշինյանը ստեղծեց դաշինք, որը բավական լուրջ արդյունքներ գրանցեց 2017-ի խորհրդարանական ընտրություններում, քաղաքական ասպարեզ բերեց մի շարք երիտասարդ գործիչների, որոնց մինչև ԱԺ մտնելը ճանաչում էին թերևս միայն իրենց թաղի տղաները, սակայն այսօր Փաշինյանն «իր քայլը» անում է միայնակ, միայնակ է փորձում մոբիլիզացնել հասարակությանը, այն դեպքում երբ Հռոմի պապից կաթոլիկ մեր մյուս ընդդիմադիր գործիչները հասարակության այս պայքարում նախընտրել են կողմնակի դիտորդի դերը:
 
 
Ստելլա Խաչատրյան