Ազգային ժողովն ապրիլի 17-ին բնականոն կաշխատի, պատգամավորները կաշխատեն մինչև օրակարգը սպառելը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն' անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողություններին, և թե որքանով դրանք կարող են խոչընդոտել ապրիլի 17-ին խորհրդարանի աշխատանքը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք շենքը, տարածքը փոխելու խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց շենքն Ազգային ժողովն է, ԱԺ նիստերի դահլիճը:
«Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը' ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, խորհրդարանում գումարվող նիստի ժամանակ։ Կլինի առաջադրումը և կանցկացվի քննարկում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողները նկատեցին, որ ՀՀԿ խորհրդի նիստը անցկացվեց Ծաղկաձորում: Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, շատ հաճախ են արտագնա նիստ անցկացնում:
«ՀՀԿ-ի նիստերի դահլիճը նախատեսված է 180 տեղի համար, իսկ մեր խորհրդի անդամները 250-ից ավելի են: Այս անգամ խորհրդի շուրջ 240 անդամ մասնակցեց նիստին: Պատճառը դա էր, որ մենք ընտրեցինք այդպիսի դահլիճ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը ևս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը: