Հայաստանը բրազիլացի գործարարներին ներկայանում է որպես հարթակ դեպի ռուսական և իրանական շուկաներ: Հայ-բրազիլական առաջին գործարար համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց «Բիզնես Արմենիայի» տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ հարմար է' ապահովելու կապը Պարսից ծոցից մինչև Սև ծով, երկրորդը' մենք ունենք տնտեսական կապեր ռուսական շուկայի, ԵԱՏՄ այլ երկրների, Իրանի և Եվրամիության հետ: Հնարավորությունները, մեր կարծիքով, լայն են, որպեսզի մեր միջոցով բրազիլացի գործարարներն աշխատեն տարածաշրջանում»,-ասաց պաշտոնյան:
Նրա խոսքով' բրազիլական այն ընկերությունները, որոնք ապրանքներ են արտադրում և արտահանում Ռուսաստան կամ Իրան, կարող են այստեղ հիմնել իրենց արտադրությունը' օգտվելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից: Այդ իմաստով Ավակյանը կարևորեց նաև հայկական ազատ տնտեսական գոտիների գործունեությունը, որտեղ հնարավոր է արտոնյալ հարկային պայմաններում արտադրել ապրանք և այն արտահանել: «Հայաստանն ունի նաև ազատ տնտեսական գոտիներ, որտեղ հնարավորություն կա աշխատելու առանց հարկման ռեժիմի: Մենք ունենք առանձին ազատ տնտեսական գոտիներ ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով, նախորդ տարվա վերջին էլ տվել ենք Իրանի սահմանին գտնվող Մեղրի ԱՏԳ-ի մեկնարկը: Առաջիկայում, երբ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև կնքվի ազատ առևտրի համաձայնագիրը, այդ գոտին չափազանց կարևոր դերակատար կդառնա մեր տնտեսական հարաբերություններում»,-շեշտեց նա:
Խոսելով Հայաստանի ընդհանուր ներդրումային միջավայրի մասին' «Բիզնես Արմենիայի» ղեկավարը նշեց, թե այստեղ իրականացվող բարեփոխումներն ուղղված են նրան, որ թե տեղական, թե օտարերկրյա բիզնեսներն իրենց հարմարավետ զգան մեր երկրում:
Ինչ վերաբերում է հայկական ապրանքների արտահանմանը, ապա Արմեն Ավակյանը նկատեց' որքան երկրների միջև տարածությունը մեծ է, այնքան ապրանքների արտահանման ծավալները պետք է շատ լինեն, որ ընդհանուր ծախսերի մեջ փոքրանա լոգիստիկ ծախսերի հարաբերական կշիռը: Սակայն այս պահին, ըստ նրա, դեպի Բրազիլիա մեծ ծավալների ապահովման խնդիր կա:
2017-ին Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 73 միլիոն 475 հազար դոլար' նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 40 տոկոսով: Աճի վրա ազդել է Բրազիլիայից ապրանքների ներմուծումը, արտահանման առումով նկատվել է նվազում: