«Մենք կարևորում ենք ընդվզումը Երևանում և գիտենք, որ այնտեղ ամենաշատն է կենտրոնացված բնակչությունը: Այդ իսկ պատճառով Երևանը կարող է 100 հազարից ավել մարդ հանել փողոց, Վանաձորի բնակիչներն էլ իրենց հերթին պետք է դուրս գան փողոց, հետևաբար, կուտակումը միայն Երևանում՝ կլինի սխալ մարտավարություն: Դեռևս 6 ամիս առաջ ես հայտնել եմ, որ պետք է լինի ցանցային պայքար: Պետք է բոլոր քաղաքների բնակչությունը միաժամանակ դուրս գա փողոց, որպեսզի ոստիկանական ուժերը չկարողանան մեզ ճնշել: Ոստիկանական ուժերը հիմնականում կուտակել են Երևանում, որպեսզի կարողանան պաշտպանել բռնազավթչին և կոտորել ժողովրդին»,- այս մասին այսօր՝ Վանաձորում բողոքի հավաքի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը հայտարարեց՝ ըմբոստության օջախներ պետք է ստեղծել հատկապես Գյումրիում, Վանաձորում և Կապանում. «Այս քաղաքները կարող են փրկել Երևանը. որ ժամին Երևանում միջոցառում է լինում, այս քաղաքներում ևս նույն ժամին պետք է լինեն միջոցառումներ»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի կողքին է նաև ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը: