Ֆրանսիայի Մարսել քաղաքից մի խումբ հայեր ուղերձ են հղել հայաստանաբնակ հայրենակիցներին և իրենց աջակցությունը հայտնել իշխանությունների դեմ պայքարում:

«Ձեր պայքարն արդար է, պայքարն ուղղված է արդար իշխանության վերականգնմանը, քաղբանտարկյալների ազատմանը և ամենակարևորը՝ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմված կլանային իշխանության վերացմանը և դեմոկրատիայի հաստատմանը ՀՀ-ում:

Մենք, լինելով ՀՀ քաղաքացիներ՝ թեև գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, բայց այժմ գտնվում ենք ՀՀ հողի, այսինքն՝ ՀՀ հյուպատոսարանի առջև և քիչ առաջ զրույց ունենալով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր հյուպատոսի հետ Մարսելում՝ նրանց հաղորդեցինք մեր բողոքի նոտան՝ ուղղված Հայաստանում կատարվող իրադարձությունների դեմ և ներկայացրինք մեր արդար պահանջները:

Եվս մեկ անգամ, ներկաներս՝ Մարսելի ամբողջ հայության անունից, խոստանում ենք, որ ՀՀ անօրինական կառավարության ցանկացած ներկայացուցիչ Մարսելում ստանալու է ոչ հյուրընկալ ընդունելություն՝ բողոքի ակցիաներ, անհնազանդության ակցիաներ և արդար բողոքի արտահայտում: Պահանջում ենք արդարության վերականգնում, ուսանողների հանդեպ հալածանքների դադարեցում, մտավորականության հանդեպ կատարվող ճնշումների դադարեցում և ՀՀ-ում, ի վերջո, օրինական իշխանության հաստատում:

Շնորհակալություն ձեզ բոլորիդ, պինդ եղեք և իմացեք, որ արտասահմանում ձեր հայրենակիցները ամբողջ ոգով և զորությամբ ձեր կողքին են»,- ասված էր Մարսելում ապրող հայերի ուղերձում։