Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին: Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը:
«Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին: Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ: Էներգիան կարող է կամ պարպվել, կամ ցրվել, կամ էլ վերածվել երկիրը բալանսավորող ու առաջ տանող ուժի։ Ճանապարհի ընտրությունը քաղաքական լայնախոհություն է պահանջում:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- ասված է հայտարարությունում: