Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է  տարածել Դավիթ Սանասարյանի ձերբակալության մասին։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով եւս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու եւ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

 

Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Դ. Ս.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից Երեւան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել եւ ղեկավարել է հավաք` առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երեւանի քաղաքապետարանին:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին եւ նախազգուշացումներին` Դ. Ս.-ն եւ մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ եւ մասնակցել դրանց:

Մասնավորապես,  13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երեւանի պետական համալսարան: Դ. Ս.-ն եւ անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետեւ, տեւական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Իսկ 14.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք: Հավաքի մասնակիցները Դ. Ս.-ի կազմակերպմամբ եւ անմիջական մասնակցությամբ ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետեւանքով տեւական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

 

16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անտեսելով մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող փողոցների շրջափակումը դադարեցնելու` ոստիկանության օրինական պահանջները եւ շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները`  Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` այդ կերպ վտանգելով պետական իշխանության կարեւորագույն մարմնի բնականոն գործունեությունը:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել եւ փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան, որի հետեւանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական եւ գույքային վնասներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքի մասնակիցները Գ. Մ.-ի անմիջական մասնակցությամբ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող «Երեւանի հենակետային բժշկական քոլեջի» մուտքի դուռը եւ բռնություն գործադրելով քոլեջի աշխատակիցների նկատմամբ` ապօրինի ներխուժել եւ տեւական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը եւ խախտել քոլեջի բնականոն աշխատանքը, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Դ. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Մ.-ն`  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած եւ հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: