Եվրամիությունը մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը: Այս մասին ասված է այսօր՝ ապրիլի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հրապարակած հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

 

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաեւ ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»: