ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ:
Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչով` նոր և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին և բոլոր շահագրգիռ ուժերին ձևավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ:
Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու իր իսկ առաջարկությունը`
իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձևավորելու շուրջ»: