Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հարցին' ի՞նչ քայլերի է պատրաստ իշխանությունը իրենց դժգոհությունն արտահայտելու նպատակով փողոց դուրս եկած մարդկանց դժգոհությունը մեղմելու համար: Ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ առաջիկայում բազմաթիվ առիթներ են ունենալու ներկայացնել այն քայլերը, որոնց պատրաստ է իշխանությունը առկա խնդիրներին հանգուցալուծում տալու համար: «Կառավարությունն Ազգային ժողով պետք է ծրագիր տանի, կառավարությունը պետք է իր քայլերի հերթականությունը նախանշի: Այս ամենն առիթներ են ասելու, թե ինչերի ենք մենք պատրաստ: Մենք այդ քայլերի մասին խոսել ենք: Խորհրդարանական կառավարման ենք անցել, որը մեր ընդդիմադիրների ցանկությունն էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կան բազմաթիվ այլ քայլեր, որ պետք է արվեն: «Օրինակ, ես կարծում եմ, որ այսօր, եթե նայում եք, մեր պետական կառավարման համակարգում լավ կրթություն ստացած, լայն աշխարհայացք ունեցող, ամենատարբեր ուղղություններում մեծ փորձ ձեռք բերած, բայց երիտասարդ աշխատակիցների քանակն ավելի մեծ է, քան մեզ շրջապատող երկրներում: Մենք այսօր իսկապես սերնդափոխության խնդիր ունենք, բայց արդյոք այդ սերնդափոխության խնդիրը պետք է այսպես ավտոմատ կերպո՞վ լուծվի, թե մենք պետք է քայլ առ քայլ դա առաջ տանենք»,- ասաց նախարարը:

Նրա գնահատմամբ' ընդհանրապես դժգոհությունը շատ դեպքերում բոլոր առկա խնդիրները մեկ փաթեթով ներկայացնելու գործընթաց է: «Հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ շատ անկեղծ հավատում է, որ այդ փոփոխությունը միանգամից լուծելու է իրենց խնդիրները' թոշակներն ու աշխատավարձերն են բարձրանալու, աշխատատեղեր են ստեղծվելու, կոմունիկացիաներն են հեշտանալու, արտագաղթն է կանգնելու, և հայրենադարձություն է լինելու: Գիտեք, եթե այդ ամենը լուծվող լիներ ընդամենը մեկ, երկու, երեք անձի փոփոխությամբ, աշխարհում առհասարակ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի կարծիքով' քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է: «Քաղաքականության մեջ, ինչպես նաև պատերազմում, փլավ չեն բաժանում: Հիշեք, թե ինչ սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 1988թ. «Ղարաբաղը գրպանումս է» արտահայտության համար, իսկ հետո ինչ ոգևորությամբ ենք իրեն ետ ընդունել և ընկալում ենք որպես ազգային հերոս: Հիշեք՝ ինչ վարկանիշ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ հեռանում էր վարչապետի պաշտոնից, իսկ հետո ինչպես էր հասարակությունը պատրաստ նրան ձեռքերի վրա Ազգային ժողովի շենք բերել 1996թ.: Հիշեք, թե ինչ վարկանիշ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-1996 թվականներին ու այն ոգևորությունը, որով նա նախագահական ընտրություններից մեկի ժամանակ այսօրվա վարչապետի հիմնական մրցակիցն էր: Մենակ Հայաստանում չէ: Նայեք Սահակաշվիլու կերպարը, ով ազգային հեղափոխության հոգևոր հայր էր, սակայն հետո իր երկրում անցանկալի անձ դարձավ և չի կարողանում երկիր վերադառնալ: Դրա համար այն քաղաքական գործիչը, ով ասպարեզ է գալիս ու կարծում է, որ բոլորը իրենով պետք է հիանան ու ծափահարեն, կամ սխալ երկրի է նայում, որովհետև նման երկրներ կան, կամ էլ քաղաքականությունից բան չի հասկանում: Մերոնք պետք է ամեն ինչին սթափ նայեն: Սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիա են ձևավորված իշխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և դրանից բխող գործընթացները: Կարող է լինել դժգոհություն, հասարակությունը կարող է չընդունել քաղաքական կուսակցության այս կամ այն որոշումը, այդ դժգոհությունը հայտնելու բազմաթիվ ձևեր կան»,- եզրափակեց նախարարը: