Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է.

«Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։

 

Միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։

Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։

Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»։