ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի մասին: Հայտարարության մեջ ասվում է.

«Գլխավոր քարտուղարը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։

 

Նա ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը և խրախուսում է բոլոր համապատասխան դերակատարներին շարունակելու ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար նման կարևոր պահին Գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև՝ պահպանել խաղաղություն և կայունություն Հայաստանում և տարածաշրջանում։

Առիթն օգտագործելով՝ Անտոնիու Գուտերեշը կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչն ուղղված բոլոր կողմերին կանխելու շփման գծում հնարավոր լարվածությունները և կենտրոնացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ»:

 

Ստեֆան Դյուժարիկ, գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ