Ինչպես արդեն տեղեկացրել ենք
, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ուղևորվել է Գյումրի՝ հանրահավաք անցկացնելու: Թեև հանրության հետ հանդիպումը նախատեսված է ժամը 18-ին, Վարդանանց հրապարակում, սակայն մինչև Գյումրի հասնելը Փաշինյանին ճանապարհին սպասում էին Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գյուղերի բնակիչները, ովքեր աղ ու հացով, երգ ու պարով էին դիմավորում վերջինիս: 

Գյուղացիները Փաշինյանին ողջունում էին, ողջագուրվում՝ վանկարկելով «վար-չա-պետ»: Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել:

 

Ավտոերթի մասնակիցները պարբերաբար կանգնում են գյուղերի մոտ սպասող ժողովրդին բարևելու: Նիկոլ Փաշինյանը դիմելով բնակիչներին, ասաց. «Ողջունում եմ ազատ և հպարտ ՀՀ քաղաքացինե՛ր: Ժողովուրդ ջան, դուք հաղթել եք և ձեր հաղթանակը ոչ ոք չի կարող գողանալ: Մայիսի 1-ին՝ ժամը 08:00-ից, բոլորս հեղեղում ենք Երևանի փողոցներն ու հրապարակները: Մայիսի 1-ը վճռական օր է և մեր հաղթանակն այդ օրը պետք է արձանագրենք: Հաղթանակը մերն է, հաղթանակը ժողովրդինն է և այն պետք է պինդ բռնենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Գյումրի հասավ ֆայտոնով: Իսկ նրան ուղեկցում էին ձիավորները: