Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ «Հանրապետական» կուսակցությունն իր առաջնորդներով հեռանա՝ տեղը բացելով հեղափոխության մասնակից երիտասարդների և նրանց առաջնորդների համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանն՝ ընդգծելով, որ թավշյա հեղափոխության հաղթանակի համար ինքն ապավինում է ոչ թե անհատներին, այլ այն պայծառ երիտասարդներին, ովքեր կանգնած են այդ շարժման ակունքներում.

 

«Ես կարծում եմ, որ երիտասարդությունն է կարևոր, որն իրեն համար ընտրել է առաջնորդ և կարևոր է, որ այս հեղափոխությանը բավականին երկար պատրատված Նիկոլ Փաշինյանն իր համար որպես ուժ ընտրել է երիտասարդներին: Ես ապավինում եմ, ոչ թե Նիկոլին, այլ այն երիտասադրներին, որոնք վստահում են Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Վախթանգ Հարությունյանը:

Վախթանգ Հարությունյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» շարժման մեջ զուր է երրորդ ուժերի փնտրել. «Մութ սենյակում սև կատու փնտրելու քաղաքականությունն ավելի շատ իշխանությանն է պետք: Այն երիտասարդությունը, որն ուզում է սեփական երկիրը կառուցել, նրան պետք է զորակցել»:
 
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած շարժմանն աջակեցելու հայտարարություններով վերջին օրերին ակտիվացած ամենատարբեր կուսակցություններին, իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, Հարությունյանը նկատեց. «Խեղդվող նավից առնետները տեղափոխվում են: Դա նորմալ է: Երիտասարդները ճիշտ են անում,  որ անտեսում են հին սերնդի բոլոր ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս կառուցվող մոդելը որևէ պետության մեջ չունի օրինակ. այն բացառիկ է: Նոր սերնդին պետք է հանձնել մեր վստահությունը: Մականունավոր երևույթները և Մոնումենտի գեղեցիկ տները, որոնք կառուցվել են ժողովրդի արյամբ, այլևս չպետք է լինեն: Ընդունեք ձեր սխալը եւ հեռացեք, գնացեք՝ ապրեք, բայց մինչ այդ քաղաքակիրթ լուծում տվեք ու երիտասարդությանը թույլ տվեք իրենց ապագան կառուցել»,-խոսքը եզրափակեց երգահանը: 
 
Տեսանյութն՝ ավելի ուշ
 
Աղավնի Սուքիասյան