ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է հայ ժողովրդի համախմբված, միասնական դիմակայությանը: 

Ֆարմանյանը Փաշինյանին հորդորեց պատգամավորների հարցերի ավարտից հետո որպես վարչապետի թեկնածու խոսել Բակո Սահակյանի, Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Սարգսյանի, Վիգեն Սարգսյանի, Մովսես Հակոբյանի, Լևոն Մնացականյանի հետ, տեղեկանալ ներկայում առկա ռազմաքաղաքական իրավիճակի մասին և ներկայացնել եզրափակիչ ելույթում:  

 

«Պարոն Ֆարմանյա՛ն, որևէ կասկած չի կարող լինել, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովման հարցերում, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը և սփյուռքը միասնական են: Ինչ վերաբերում է լարված իրավիճակներին՝ ես արդեն ասացի, որ այդ իրավիճակները լիցքաթափելու և կառավարելու լավագույն ձևն այն է, որ մենք այս քննարկման արդյունքում ոչ թե խորացնենք ներկա քաղաքական ճգնաժամը, այլ հասնենք հանգուցալուծման: Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ես հաշվի կառնեմ այն և կփորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում, եթե անհրաժեշտություն լինի՝ կտեղեկացնեմ ԱԺ-ին:

Այս հարցում պետք է դրսևորենք լիարժեք սառնասրտություն և որևէ ձևով մեր հակառակորդներին ցույց չտանք, թե գտնվում ենք ցայտնոտային վիճակում: Ես համոզված եմ, որ իրավիճակը 100%-ով վերհսկվում է, հատկապես այն պարագայում, երբ այսօր կհասնենք ճգնաժամի հաղթահարման, կոնկրետ՝ լուծման»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆարմանյանի հարցին՝ ինչպիսի՞ն է ռազմաքաղաքական իրավիճակը արցախյան ճակատում այսօր և այս պահին:

Փաշինյանի պատասխանից հետո Ֆարմանյանը նկատեց. «Մենք ունենք քաղաքական տարաձայնություններ, բայց մեր գլխավոր խնդիրը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, որևէ տարաձայնություն չի լինելու առաջնային, ինչը մեր հակառակորդը պետք է հասկանան»