«Հանրապետականների համար իշխանափոխությունը նման է մղձավանջային երազի, սակայն ժողովրդի ճնշման ներքո տեղի ունեցած այս փոփոխությունների արդյունքում տեսաք, որ ոչինչ չպատահեց ձեզ հետ, փոխարենը կարողացան ձևավորել ավելի լավ իշխանություն: Հեշտ չէ խնդիրները լուծելը, բայց արդյո՞ք արվել է ամեն բան՝ խնդիրները լուծելու համար, թե՞ միայն գտնվել են բացատրություններ, որ դրանք չլուծվեն: Եթե ցանկություն կա խնդիրները լուծելու, ապա միջոցներ անպայման կգտնվեն: Խնդիրները, որոնք հանրապետականները փորձում են իբրև թե անլուծելի ներկայացնել՝ իրականում լուծելի են: Նոր իշխանությունը պետք է գիտակցի, որ խնդիրների չլուծման համար չպետք է մեղադրել նախորդին, այլ փորձել Սահմանադրությամբ սահմանված կարգով լուծել դրանք և առաջ գնալ»,-այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: 

 

Թանդիլյանն, անդրադառնալով խոսակցություններին՝ թե շարժումը երկու ամսով հետ է շպրտել տնտեսությունը՝ նշեց. «Պարոն Մելիքյա՛ն, կարելի է մտածել, թե ձեր տնտեսվարման 10 տարվա ընթացքում ներդրողները կոտորվել էին ներդրումներ անելով Հայաստանում: Բայց հենց ձեր իշխանությունն է ամեն օր մեր պետությունը մղել դեպի աղքատության 30 տոկոսանոց ճիրանը և արտագաղթի 400 հազարանոց թիվը»,- նկատեց պատգամավորը: