«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստի» աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ–հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:

 

ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ եւ այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9–րդ դասարանի քննություն չեմ հանձնում եւ Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս...»:

Առհասարակ, գրեթե առանց բացառության, բոլոր ՀՀԿ–ականների մայիսի 1–ի ելույթները ասես Սերժ Սարգսյանին «սապոնվելու» համար էին, ոչ թե Նիկոլին նեղը գցելու:

Մի հարցնող լինի, թե ինքը՝ Կորյունը, ինչքանո՞վ է տեղյակ երկրի զինված ուժերի «խոհանոցին»: Կոչումով լեյտենանտը քանի՞ անգամ է որպես հանձնաժողովի անդամ իր մոտ կանչել Ազգային անվտանգության ծառայության պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին ու զեկույց պահանջել, որ այդպես «մեծ–մեծ բրդում է»: Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ եւ նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» եւ Պապից ավելի կաթոլիկ չերեւալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում