Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Կրեմլը համարում է անհաջող և գտնում է, որ դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:

«Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններն էին, որոնց վրա պետք չէ ուշադրություն դարձնել»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունները:

 

Նա նշել է, որ այդ արտահայտությունները չեն կարող որևէ ընդհանուր բան ունենալ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի ուղղության հետ:

«Դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանրություն այն ջերմ ու ընկերական, եղբայրական հարաբերությունների հետ, որոնք պատմականորեն ռուսներն ունեն հայ ժողովրդի նկատմամբ»,-ասել է Դմիտրի Պեսկովը:

«Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, որն առավել հայտնի է որպես հեռուստալրագրող, «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: Լեոնտեւը վիրավորական եւ ոչ պարկեշտ արտահայտություններ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ: «Խեղդել հեղափոխությունն արյան մեջ». նման կոչեր են հնչել այդ հաղորդման ժամանակ: