Նիկոլ Փաշինյանի վարչապետության թաքնված ականներից մեկը կարող է լինել քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման վերաբերյալ նոր կառավարության և անձամբ Փաշինյանի որդեգրած դիրքորոշումը: Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ օր առաջ բոլոր այն անձինք, ովքեր բանտարկվել են քաղաքական հայացքների համար՝ պետք է ազատ արձակվեն: Հանրության բավական մեծ զանգված սպասում է, թե երբ են ազատ արձակվելու բոլոր քաղաքական բանտարկյալները, որոնց հասցրել է այս տարիներին բանտերը լցնել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սակայն պետք է նկատել, որ դեռևս միանշանակ չէ քաղաքական դաշտի խաղացողների համար, թե ովքեր են քաղաքական բանտարկյալներ, իսկ ովքեր՝ ոչ: Միևնույն ժամանակ, Փաշինյանը պնդում է, որ այն հարցի պատասխանը, թե ովքեր են ընկնում քաղբանտարկյալ որակման տակ՝ կորոշեն մասնագիտացված հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները:
Այս առումով ամենամեծ վեճի առարկան «Սասնա Ծռեր» խմբի հետ է կապված: Հասարակության մի ստվար հատված «Ծռերին» համարում է ազատության մարտիկներ: Միևնույն ժամանակ՝ հասարակության մեջ կան խմբեր, որոնք ավելի հեռուն են գնում և «Սասնա Ծռեր» խմբի անդամներին համարում են ահաբեկիչներ: Այդպիսիները հիմնականում ՀՀԿ-ական իշխանության աջակիցներն են: Փաշինյանն այս առումով ևս միանշանակ գնահատական չունի: Նա «Ծռերին» համարում է ահաբեկիչներ, բայց նաև չի էլ հայտարարել, որ նրանց համարում է քաղաքական բանտարկյալներ: Մասնավորապես, Փաշինյանը ժամանակին հայտարարել է. «Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք Քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ուղղակի ահաբեկիչ», – մասնավորապես ասել էր Փաշինյանը։
Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյան վարչապետի համար հեշտ չի լինելու որոշել, թե ինչպես պետք է վարվի «Սասնա Ծռեր» խմբի տղաների հարցով: Փաշինյանի իշխանության համար խնդիրներ կարող է ստեղծել և՛ տղաների ազատ արձակումը, և՛ նրանց պատժի կրումը անփոփոխ թողնելը: Առաջին դեպքում՝ Փաշինյանը կարող է կորցնել հասարակության այն հատվածի աջակցությունը, որը «Ծռերի» համակիր էր և փողոց էր դուրս եկել հիմնականում խմբի անդամների ազատմանը հասնելու նպատակով: Սա ենթադրում է հանրային հիասթափության ալիք: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ինչպես է միջազգային կազմակերպությունների կողմից ահաբեկիչ որակված խմբի ազատ արձակումը կապվելու սիրո և համերաշխության, թավշյա հեղափոխության գաղափարախոսության հետ, որը, ինչպես գիտենք, մերժում էր բռնությունը: Փաշինյանին իրոք լուրջ փորձություն է սպասվում, սակայն լիահույս լինենք, որ Հայաստանի համար նոր, աննախադեպ էջ բացած գործչին կհաջողվի պատվով դուրս գալ նաև այս փորձությունից:
Ստելլա Խաչատրյան