Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը նամակ է հղել «FAST» հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանին և Արթուր Ալավերդյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«FAST» հիմնադրամի հարգելի՛ հիմնադիրներ,
ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։ Ներկայումս «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։
Վստահ ենք, որ «FAST» հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի եւ նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։
Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»։
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր և հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: «Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված էր բաց նամակում: