Հացադուլին դիմելը բնորոշ է հուզախռով մարդկանց, իսկ քաղաքական գործչի դեպքում այն հուսահատություն է, այլ ելք որոնել չկարողնալու դրսևորում, որն էլ, ըստ իս, հաջողությամբ չի պսակվելու: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին։ «Իհարկե, պետք է հաշվի առնել նաև դրդապատճառները. սոցիալական տարբեր շերտերի և ընդհանրապես տարբեր անհատականությունների մոտ այն տարբեր է։ Բայց ցույց տվեք պատմության մեջ մի դեպք, երբ քաղաքական գործիչը հացադուլի դիմելով որևէ հաջողության հասած լինի: Մարդ ուղղակի պետք է մի հատ մտածի էլի, եթե որևէ մեկը չի հասել, կամ եթե նույնիսկ հասել է, ուրեմն՝ մեկ հոգի, այն էլ՝ շատ փոքր հաջողության, ուրեմն սա աշխատող մեխանիզմ չէ, ուրեմն չի էլ կարելի այս քայլին գնալ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին հուզախռով վիճակում է, ես կարծում եմ, որ դա ավելի շատ հուսահատ քայլ է»,- ասաց հոգեբանը:
Նրա գնահատմամբ՝ մեր ազգը մի քիչ շատ պրագմատիկ է, և այդ տեսակ քայլերը դրական իմիջ չեն ապահովում. «Չմտածված, չվերլուծված բաներ են ասում՝ ասենք Սերժ Սարգսյանը պետք է գա ինձ մոտ և ներողություն խնդրի. անհավանական և անհասկանալի է այս ամենը, ինչը մարդկանց մոտ այնքան էլ վստահութուն չի ներշնչի: Մենք սովոր ենք նախագահին միշտ հավասարակշռված և շատ լուրջ տեսնել, այսինքն ոչ մի ծայրահեղական քայլեր չպետք է դրսևորի, իսկ մենք տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծայրահեղ քայլերի պատրաստ մարդ է, իսկ մեր կարգավիճակում սա ամենավախեցնող բանն է: Ընդհանրապես իր թիմում՝ բոլորը հուզված, անձն Աստվածացրած են»:
ԱՍԱՏԱՐ հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա հուսալքությունը հաղթահարելու և իր հետևորդ ժողովրդի առջև պատասխանատվության զգացումից բխող արարք է. «Սա կարելի է բնութագրել որպես ինքնավնասող քայլ, որն ուղղված է իր նկատմամբ ժողովրդի վստահությունը պահպանելուն, միայնակ մնացած առաջնորդի» պատիվը փրկելուն: Չէ՞ որ այդքան ժողովուրդ, կարծես, իր երեսին է նայում, նա ստիպված ինքնազոհաբերության միջոցին է դիմում», -ասաց նա:
Հոգեբույժ Կարինե Վարդանյանի կարծիքով էլ հացադուլն ընդհանրապես քաղաքական պայքարի միջոց չէ, այն ավելի շատ սոցիալական է, որովհետև հացադուլի ավելի շատ դիմում են բանտերում՝ բերանն են կարում, հացադուլ հայտարարում, իսկ քաղաքական հարթակի վրա կես միլիոն էլոկտորատ ունենալու դեպքում, ըստ նրա, կարելի էր ավելի քաղաքական, ժողովրդի մոտ էլ ավելի շատ վստահություն ներշնչող քայլ անել. «Այս քայլն ուղղակի տիպիկ բնորոշում է Րաֆֆի Հովհաննիսյանին, մարդիկ նրանից վճռական քայլ էին սպասում, նա էլ կարծել է, թե հացադուլ հայտարարելը վճռականություն է»: